Նոր երաժշտական ժամանցային հաղորդում Ավետ Զոհրաբյանի մասնակցությամբ՝ Go Sport FM-ի եթերում
Այսուհետ հանդիսատեսը դերասան Ավետ Զոհրաբյանին կբացահայտնի նաև որպես հաղորդավար:
Նոր ժամանցային՝ «963 կարաոկե» հաղորդումը՝ տարբեր ոլորտի հայտնի ու կայացած դեմքերի մասնակցությամբ, Go Sport FM-ի եթերում կվարի Ավետ Զոհրաբյանը:
«Լինելու է ժամանցային կարաոկե խաղ, որտեղ հայտնի հյուրերը փորձելու են իրենց երաժշտական կարողությունները:
Հյուրերը լինելու են ամենատարբեր ոլորտից՝ բժիշկներ, վարսահարդարներ, կինոքննադատներ և այլն: Մեր նպատակն է պարզել, թե նրանք որքանով ունեն երաժշտական լսողություն:
Շատ կարևոր է, որ մեր հանդիսատեսը ևս հաղորդման մի մասը դառնա, այն մարդիկ, ովքեր նայում են, իրենք էլ փորձեն իրենց կարողություններն ու հասկանան, թե որքանով գիտեն հայկական կամ արտասահմանյան երգերը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Ավետ Զոհրաբյանը:

Խոսելով Go Sport FM-ի հետ համագործակցության մասին՝ Ավետ Զոհրաբյանը նշեց, որ թեպետ սկզբում մտավախություն ուներ, բայց հաղորդումը վարելու առաջարկը սիրով է ընդունել:
«Ես զանգ ստացա մեր հրաշք թիմի անդամներից մեկից՝ Աստղիկից, ասաց, որ Աելիտան ուզում է հանդիպել: Մենք հանդիպեցինք, Աելիտայի հետ քննարկեցինք ու առաջարկեց վարել երաժշտական հաղորդումը, ներկայացրեց, թե ինչ է առհասարակ ռադիոն իրենից ներկայացնում:
Սկզբից մի փոքր վախեցա, որ երաժշտական հաղորդում է, որովհետև տրամաբանորեն ես էլ պետք է մասնակիցը դառնայի: Ես չգիտեմ որքանով եմ լավ երգում, հանդիսատեսը կդատի»,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ շատ մեծ ոգևորությամբ է «համակերպվել» այն փաստի հետ, որ այսուհետ հանդես է գալու նաև որպես հաղորդավար:
«Ուզում եմ անպայման շեշտել, որ ես հաղորդավարի կրթություն ունեմ, սովորել եմ Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում։ Հուսամ դասախոսներիս խայտառակ չեմ անի և իրենց պատիվը բարձր կպահեմ»,-Tert.am Life-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ ասաց Ավետ Զոհրաբյանը:
Անդրադառնալով թատրոնն ու ռադիոն համատեղելուն՝ Ավետը նշեց, որ հաճելի է այն համատեղել նոր աշխատանքի հետ:
«Աշխատում եմ այնպիսի թիմի հետ, որտեղ բոլորը շատ պատրաստակամ են ու ցանկացած հարց կամ խնդիր, որ առաջանում է, բոլորը շատ արագ արձագանքում են և միանգամից լուծում է ստանում:
Բոլորը փորձում են այնպես անել, որ կադրում դու քեզ վատ չզգաս ու աշխատես ապահովել լավ որակ»,- ամփոփեց Ավետ Զոհրաբյանը։











